Թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915 թվականի իրադարձությունները չանվանեց ցեղասպանություն, հայկական լոբբին որոշեց իր զայրույթը թափել ինձ վրա.
«Վաշինգտոնում գործող հայկական կազմակերպությունն արեց ամեն հնարավոր բան, որպեսզի ինձ ներկայացնի որպես Ադրբեջանի ու Թուրքիայի համակիր: Այժմ նրանք իմ դեմ են գործածում նաև այն փաստը, որ ես եկել եմ Թուրքիա: Այո՛, ես սիրում եմ Թուրքիան, սակայն դրա հետ մեկտեղ ես սիրում եմ նաև Հայաստանն ու Ադրբեջանը:
Երբ ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ էի, բազմիցս շփումներ եմ ունեցել հայկական կողմի հետ: Հայ պաշտոնատար անձինք երբեք ինձ չեն մեղադրել կանխակալության մեջ: Սակայն հայկական լոբբին ամեն ինչից բացի, սկսեց ինձ մեղադրել Զեյնո Բարանի հետ ամուսնանալու մեջ: Նրանք գտան, որ լինելով էթնիկ թրքուհի, կինս կսկսի ազդել ինձ վրա: Դրանք այնպիսի անհիմն մեղադրանքներ են, որ կարիք չկա անգամ քննարկել:
Հնարավոր է, որ իմ դիվանագիտական (դեսպանային) կարիերան դարձավ այդ ամուսնության զոհը: Ես ընտանիքիս հետ եկել եմ Ստամբուլ՝ այստեղ բնակություն հաստատելու համար»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի կարգավիճակով Բրայզայի լիազորությունների ժամկետը սպառվել էր նախորդ տարվա դեկտեմբերի վերջերին, ինչի արդյունքում էլ նա ստիպված եղավ հունվարի սկզբներին լքել Ադրբեջանը: ԱՄՆ Կոնգրեսի Սենատն այդպես էլ չհաստատեց մեկ տարի առաջ Օբամայի կողմից առաջ քաշված Բրայզայի թեկնածությունը:
Ի դեպ, Բրայզան երեկ մասնակցել է Ստամբուլում կազմակերպված հակահայկական ցույցերին:







































