ԵՄ 27 անդամ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել Սերբիային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու որոշմանը: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն:
«Այսօր համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի Սերբիան ստանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ»,- մեջբերում է Agence France-Presse-ը նախարարի խոսքերը:
Սերբիան ԵՄ անդամակցության հայց էր ներկայացրել 2009 թ.: Դա Բելգրադի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկն է համարվում:
2011 թ. հոկտեմբերին Եվրահանձնաժողովը խորհուրդ տվեց Սերբիային շնորհել ԵՄ-ում պաշտոնական թեկնածուի կարգավիճակ: Սակայն ԵՄ դեկտեմբերյան գագաթնաժողովին այդ հարցով որոշում չկայացվեց: Մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Սերբիան առայժմ պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին:
Բրյուսելում բազմիցս հայտարարել են, որ Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը մեծապես կախված կլինի Պրիշտինայի հետ հարաբերություններում գրանցված առաջընթացից:
Հիշեցնենք, որ օրերս Սերբիան և Կոսովոն համաձայնության էին եկել տարածաշրջանային համագործակցության և հսկիչ անցակետերի համատեղ վերահսկման շուրջ:








































