Երեկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ներման գործընթացը կսկսվի նրա նկատմամբ դատական գործի ավարտից հետո: Այս մասին հաղորդում է BBC հեռուստաալիքը:
Նա Տիմոշենկոյի գործը «ցավոտ հարց» է անվանել, որին ինքը «միանշանակ պատասխան չունի»: «Ո՞վ է Ուկրաինայում ամենաշատը տուժել այս հարցից կամ տուժելու (ապագայում): Ամենաշատը ինձ է բաժին հասնելու: Շատ եմ շահագրգռված, որպեսզի մենք գտնենք այս հարցի լուծումը»,- ասել է Յանուկովիչը:
«Ներման գործընթացը նախատեսված է օրենսդրությամբ: Եվ եթե այս գործընթացը սկսվի, իսկ այն սկսվում է դատապարտված անձի կողմից նախագահին համապատասխան դիմում հղելուց հետո, նախագահն ունի հանձնաժողով, որը քննում է ներման հարցերը: Եվ ես վստահ եմ, որ մենք պարտավոր ենք, համաձայն Սահմանադրության, քննել հարցը և որոշում կայացնել»,- ասել է Յանուկովիչը:









































