«Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Արտիստը» ճանաչվել է «Տարվա լավագույն ֆիլմ». մրցանակաբաշխությունը քիչ առաջ ավարտվեց Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնում:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում, բացի Հազանավիչուսի աշխատանքից, ներկայացված էին Ալեքսանդր Փեյնի «Ժառանգները», Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը», Թեյթ Թեյլորի «Սպասուհին» (The Help), Բենեթ Միլլերի «Մարդ, որը փոխեց ամեն ինչ», Սթիվեն Սփիլբերգի «Մարտական ձին», Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում», Թերենս Մալիքի «Կենաց ծառը», Սթիվեն Դոլդրիի «Ահավոր բարձր և չափազանց մոտ» ֆիլմերը:
Հիշեցնենք, որ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Մերիլ Սթրիփը, իսկ «Լավագույն դերասան» է ճանաչվել Ժան Դյուժարդենը:
Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» ֆիլմը մրցանակ է ստացել միանգամից մի քանի անվանակարգերում՝ «Լավագույն ձայնային էֆեկտներ», «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Լավագույն բեմադրող նկարիչ», «Լավագույն վիզուալ էֆեկտներ»:
«Հագուստի լավագույն դիզայն» անվանակարգում մրցանակ է ստացել «Արտիստ» ֆիլմը, «Լավագույն գրիմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Երկաթե տիկին» ֆիլմը:
Լավագույն մոնտաժի համար մրցանակ է ստացել «Վիշապի դաջվածքով աղջիկը»:
Լավագույն վավերագրական ֆիլմ անավնակարգում մրցանակը տրվել է «Անհաղթները» (Undefeated) ֆիլմին:
Լավագույն օրիգինալ սաունդթրեք մրցանակը ամերիկյան կինոակադեմիան շնորհել է Լյուդովիկ Բուրսեին «Արտիստ» ֆիլմի համար:









































