Հարյուրավոր չինացի օգտատերեր գրավել են Google + սոցիալական կայքի` Բարաք Օբամայի էջը: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Չինացիներին հաջողվել է մուտք գործել Google +, չնայած իշխանությունների` սոցիալական կայքերի վրա դրված արգելքին:
Google+ -ից կարող են օգտվել բջջային հեռախոսային կապով, իսկ տնային համակարգիչների համար սերվիսն արգելափակված է:
Չի մանրամասնվում, թե չինացի օգտատերերն ինչ տեխնիկական միջոցներով են կարողացել շրջանցել արգելափակումը:
Չինացի օգտատերերը մի շարք մեկնաբանություններ են թողել Օբամայի էջում: Մասնավորապես, նրանք գրել են, որ «նախանձում են ամերիկացիների իրավունքներին և ազատություններին»: Իսկ ոմանք Օբամային խնդրել են` «գալ և ազատել Չինաստանը»:
Հնարավոր չէ պարզել, հստակ թե որ քաղաքների բնակիչներն են մեկնաբանություններ գրել: Սակայն լրագրողները նշում են, որ մեկնաբանություններում արված արտահայտությունները նման են չինացի բլոգերների կողմից կիրառվող արտահայտություններին:







































