Ղրղզստանը պատրաստվում փակել իր երկրի տարածքում տեղակայված ամերիկյան «Մանաս» ռազմաբազան՝ բացառելու համար դրա հնարավոր օգտագործումը Իրանի հետ հակամարտության դեպքում: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ուղիղ եթերում:
«Ղրղզստանի բազան չպետք է օգտագործվի Իրանի դեմ: Ուստի մենք խոսում ենք այն մասին, որ 2014 թ. հետո «Մանաս» քաղաքացիական օդանավակայանում այլևս չպետք է լինեն օտարերկրյա զինծառայողներ, այսինքն՝ որևէ բազա»,- ընդգծել է հանրապետության նախագահը՝ ավելացնելով, որ դա պայմանավորված է երկրի մայրաքաղաքի և քաղաքացիական բնակչության անվտանգությամբ:
Այս պահին «Մանասում» է գտնվում ամերիկյան տրանզիտային փոխադրումների կենտրոնը: 2011 թ. ամռանը ԱՄՆ մասնակցությամբ օդանավակայանում տեղադրվեց նոր հարթակ, որտեղ այս պահին տեղակայված են ամերիկյան ինքնաթիռները:
Բացի այդ, Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում Ատամբաևն ասել է, որ ռուսական բազան նույնպես կարող է փակվել: «Ռուսական բազան, որը գտնվում է Ղրղզստանում՝ Կանտում, անգամ չի վճարում վարձավճարը, չի կատարում իր պարտավորությունները: Պե՞տք է մեզ այդպիսի բազա»,- հարցրել է նա:








































