Սթիվ Ջոբսի ծննդյան տարեդարձը (այսօր կդառնար 57 տարեկան), մեկ անգամ ևս առիթ է տալիս հետադարձ հայացք նետել ու տեսնել, թե ինչպես է փոխվել Apple-ն այս լեգենդար մարդու մահից հետո:
Ընկերության ֆինանսական ցուցիչներին ոչինչ չի սպառնում, սակայն իր ներկայիս փառքի համար այն պարտական է դեռ Ջոբսի կենդանության օրոք ստեղծված ամուր հիմքին:
Հոռետեսական կանխատեսումներին հակառակ` ներդրողները Ջոբսի հեռացումը ընկերության գործերի ամենօրյա ղեկավարումից, իսկ հետո նրա մահը չդիտեցին որպես ընկերության բաժնետոմսերից ազատվելու պատճառ:
Ընթացիկ ամսում Apple ընկերության բաժնետոմսերը նոր «բարձունք նվաճեցին»` առաջին անգամ հաղթահարելով 500 դոլարի սահմանագիծը:
Երբ Ջոբսը 2011 թ. օգոստոսին հեռացավ ընկերության գլխավոր տնօրենի ղեկավարի պաշտոնից, ընկերության բաժնոտոմսերն գրեթե մեկուկես անգամ պակաս արժեին: Եվ վերլուծաբանների կարծիքով՝ դժվար թե ինչ-որ բան խանգարի այս արժեթղթերի, որոնք այս պահին աշխարհում ամենաթանկարժեքն են, հետագա աճին: Դրանում, անշուշտ, մեծ է Ջոբսի ավանդը: Ոչ պաշտոնական տեղեկություննների համաձայն՝ փորձագետները չեն կասկածում, որ Ջոբսի ջանքերի շնորհիվ ընկերությունն ունի դեռ մեկ տարվա նոր ապրանքների թողարկում:
Ընդամենը մի քանի շաբաթ անց պետք է ներկայացվի iPad-ի երրորդ սերնդի պլանշետը, իսկ տարեվերջին կհայտնվի նոր iPhone սմարթֆոնը, որը էականորեն կտարբերվի նախորդներից:
Վերջին շրջանում ավելի շատ են սկսել խոսել այն մասին, որ Ջոբսը ոչ այնքան եղել է գյուտարար՝ այդ բառի լայն իմաստով, որքան կարողացել է ճիշտ մարդյկանց ընտրել իր նպատակներին հասնելու համար: Սակայն անվիճելի է, որ, լինելով ընկերության ղեկավարը, նա ուշադիր էր իր «երեխայի» ամեն մի դետալի նկատմամբ: Օրինակ` նա մասնակցում էր Apple Store խանութների դիզայնի հետ կապված ցանկացած մանրուքի քննարկումներին, կարող էր իրեն դուր չեկած դետալը ուղարկել դարձյալ վերամշակման: Դա մեծ մասամբ վերաբերել է սարքավորումներին:
Ջոբսին չէր հետաքրքրում իր գնորդների կարծիքը, նա ստեղծում էր իրեր, որոնց մասին վերջիններս պատկերացում անգամ չունեին: Դրա վառ օրինակը iPad պլանշետն է, որը կյանք տվեց շուկայում նոր սեգմենտի առաջացմանը ու դարձավ այդ սեգմենտի առաջատարը: Թեև iPad-ն առաջին պլանշետը չէր, սակայն հենց Ջոբսն այն դարձրեց ցանկալի անգամ այն մարդկանց համար, ովքեր ի սկզբանե չէին ընկալում սարքի օգտագործման անհրաժեշտությունը։
Անգնահատելի է նրա ներդրումը նաև համակարգչային ու բջջային սարքերի շուկայում: Փետրվարին «Գրեմմի»-ի հոգաբարձուների խորհուրդը նրան հետմահու շնորհեց պատվավոր մրցանակ` ձայնագրման ինդուստրիայում ունեցած հատուկ ավանդի համար:











































