Արտադրական փորձարկումներից հետո Boeing 787 Dreamliner ուղևորատար 55 ինքնաթիռների մոտ հայտնաբերել են ֆյուզելյաժի հիմքի հնարավոր անսարքություններ: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ամերիկյան ավիաշինական կորպորացիայի ղեկավարությունից Ջեյմս Օլբոֆը:
Արտադրական փորձարկումներից հետո, երբ առավելագույն ճնշում է գործադրվել հիմքի վրա, սարքերը ինքնաթիռի պոչային հատվածում գրանցել են նյութի բազմաշերտ ներդիրների շերտազատման հատկանիշներ:
«Թռիչքների անվտանգությանը ոչինչ չի սպառնում, քանի որ ծագած խնդիրը բացառապես արտադրական է ու լուծվում է աշխատանքային կարգով՝ առանց արտադրության հզորությունը կանգնեցնելու»,- հայտնել է Ջեյմս Օլբոֆը:
Մինչ այդ, նրա խոսքով, անսարքության վերացման պատճառով կարող է հետաձգվել նախապես հայտարարված Dreamliner ինքնաթիռների թողարկումը:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ ֆյուզելյաժի պոչային հատվածում խնդիրներ կարող են առաջանալ միայն մի քանի ինքնաթիռների մոտ: «Անսարքություն կարող են ունենալ բոլոր 55 ինքնաթիռները»,- ընդգծել է Օլբոֆը:
Վերոնշյալ ինքնաթիռները առաջինն են, որ կարող են կատարել մինչև 15 հազար կմ թռիչք: Ինքնաթիռը պատրաստելիս օգտագործվել են կոմպոզիտային նյութեր, ինչը նպաստում է, որ Dreamliner-ը ծախսի 20 տոկոսով ավելի քիչ վառելիք, քան մյուս ինքնաթիռները, հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:









































