Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով Մոսկվայում տեղի ունեցած միտինգում, հայտարարել է, որ այս ամառ կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը:
Ըստ Ժիրինովսկու՝ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ լուծված կլինի Սիրիայի հարցը և հարված կհասցվի Իրանին. «Դրանից կօգտվի Ադրբեջանը, որպեսզի փորձի նորից գրավել Լեռնային Ղարաբաղը: Թուրքիան էլ հանդես կգա նրա կողմում: Ահա այդպես այս ամառ մեր երկրին կարող են ներքաշել պատերազմի մեջ: Ռուսաստանը պետք է պաշտպանի իր հարավային բնագծերը»:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Ժիրինովսկին հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է հարձակվել հարևան երկրների վրա. «Թուրքիան միաժամանակ հարված կհասցնի Սիրիայի և Իրաքի հյուսիսում գտնվող քրդերին, ինչպես նաև իր արևելյան հատվածում բնակվող քրդերին: Ամռանն էլ կգա Իրանի դեմ պատերազմելու ժամանակը»:









































