Ճապոնիայի ափամերձ շրջաններում բնակչությանը ցունամիի հարվածներից պաշտպանելու համար կկառուցեն նավ «տապաններ»: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությանը:
Անցյալ տարվա մարտին Ճապոնիայում տեղի ունեցած 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո ափամերձ շրջանի մեծ թվով բնակիչնրե չկարողացան փրկվել ցունամիի հարվածներից: Իսկ նրանք, ում հաջողվեց փրկվել ալիքներից, կտրված էին մնացել արտաքին աշխարհից, քանի որ ցունամիից հետո մի քանի օր այդ շրջանները ողողված էին ջրով: Այդ պատճառով Ճապոնիայի իշխանությունները պատրաստվում են լրացուցիչ միջոցներ ներդնել ապագայում ուժեղ ցունամիներից պաշտպանվելու համար, մասնավորապես՝ կառուցել «տապաններ»:
Հատուկ փրկարար նավում, որտեղ կլինի սննդամթերքի և այլ անհրաժեշտ իրերի պաշար, նախատեսվում է, որ կարող է տեղավորվել 20-50 մարդ: «Տապանները» կտեղադրվեն դպրոցների և ծերանոցների շրջակայքում: Ցունամիի վտանգի նախազգուշացման դեպքում մարդիկ կարող են թաքնվել փրկարար նավերում և այնտեղ անցկացնել մի քանի օր: «Տապանը» կունենա ամուր պատյան, որն այն կպաշտպանի տարբեր բախումներից:
Առաջիկա ամիսներին Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը նախատեսում է պատրաստել փրկարար նավերի նախագիծը:







































