Պակիստանի կառավարությունը կխնդրի Ինտերպոլին ձերբակալել երկրի նախկին նախագահ Փերվես Մուշառաֆին: Նախկին նախագահը մեղադրվում է այն բանում, որ նրա անտարբեր գործողությունների հետևանքով պատշաճ կերպով չի ապահովվել երկրի վարչապետ Բենազիր Բհուտոյի անվտանգությունը, որը զոհվել է մահափորձի հետևանքով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Պակիստանի դատական իշխնաությունները Մուշառաֆի ձերբակալության կարգադրութձյուն են տվել ավելի քան 1 տարի առաջ, սակայն Ինտերպոլ դիմում են առաջին անգամ:
Այս հարցի կապակցությամբ ելույթ ունենալով մեկնաբանությամբ՝ Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքը նշել է, որ իրականացնելով նախագահի պարտականությունները՝ Մուշառաֆը պետք է զբաղվեր նաև կառավարության ղեկավարի անվտանգության ապահովմամբ: Սակայն նրա և նրա ենթակաների մի շարք սխալ հաշվարկների հետևանքով 2007 թ. սպանվեց Բհուտոն:
Ինքը՝ նախկին նախագահը, 2008 թվից իշխանությունից հեռանալուց հետո գտնվում է Մեծ Բրիտանիայում: Հնարավոր ձերբակալության վերաբերյալ հարցազրույցներից մեկում նա ասել է. «Այս ամենը քաղաքական խաղ է: Նրանք (գործող ղեկավարությունը.- 1in.am) ընդամենը ցանկանում են մի քանի միավոր հավաքել»: Նա ամբողջությամբ հերքում է, որ որևէ կերպ պատասխանատու է Բհուտոյի սպանության համար:
Ուշագրավ է, որ ձերբակալության կարգադրությունը զրկում է Մուշառաֆին երկրի ներքաղաքական կյանքին, այդ թվում՝ այս տարի կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու բոլոր հնարավորություններից:
Հիշեցնենք. Բհուտոն սպանվել է 2007 թ. դեկտեմբերի 27-ին՝ իր համախոհների առաջ ելույթ ունենալիս: Սկզբում չարագործները կրակ են բացել ամբիոնի վրա, որի մոտ կանգնած էր վարչապետը, այնուհետև նրա մոտ կանգնած ահաբեկիչ մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարքը:









































