Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ԵՄ ծրագիրը չպետք է դիտարկել որպես զուտ հակառուսական քայլ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Բայց միևնույն ժամանակ հասկանալի է, որ տարածաշրջանում ԵՄ ներկայության ավելացումը կլինի ի հաշիվ արտաքին այլ ուժերի, այդ թվում՝ Ռուսաստանի: Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ ԵՄ-ն մոտ 3 տասնյակ պետություններ ներկայացնող կառույց է, իսկ այդ պետությունների շահերն էլ տարբեր են: Այս առումով, օրինակ, ֆրանս-գերմանական շահերը կարող են տարբերվել բրիտանական շահերից: ԵՄ ֆրանս-գերմանական միջուկը հակված է ռուսների հետ համագործակցության և փոխկապակցված լինելով շատ թելերով՝ նրանք փորձում են միմյանց աջակցել: Այսինքն՝ այդքան էլ միանշանակ չէ, որ Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը հակառուսական քայլ է»,- կրկին ընդգծեց Արման Մելիքյանը:
Հարցին՝ որքա՞ն մեծ է հնարավորությունը, որ մեր երկիրը հնարավորինս շուտ կներգրավվի վերոնշյալ ծրագրում, նախկին պաշտոնյան պատասխանեց, որ մեր երկիրը ներքուստ դեռևս պատրաստ չէ դրան: «Եթե անգամ Հայաստանն առաջիկա 3-4 տարիների ընթացքում ընդգրկվի ազատ առևտրի գոտում, և շատ մոտ կանգնած լինի ԵՄ մուտք գործելուն, այնուամենայնիվ, ներքուստ դրան պատրաստ չէ: Այս արտոնություններն ավելի շուտ ԵՄ-ից Հայաստանին ապառիկով տրված քաղաքական գործողություններ են: Այս ամենն ավելի շատ պայմանավորված է տարածաշրջանի նկատմամբ ԵՄ ընդհանուր հետաքրքրվածությամբ, այստեղ խաչաձևվող տարաբնույթ շահերով»,- նշեց Արման Մելիքյանը:
Ամփոփելով՝ ԼՂ նախկին արտգործնախարարը նկատեց, որ քանի դեռ Ռուսաստանի և ԵՄ շահերը էապես չեն տարբերվում, ծրագրի ընթացքը կարող է ընդունելի լինել: «Բայց վաղ թե ուշ Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև հակասությունները կարող են սրվել, մանավանդ՝ դրա նախանշանները կան: Թե ինչ պետք է անի Հայաստանն այդ դեպքում, կարծում եմ՝ մեր իշխանությունները չգիտեն»:
Նշենք, որ ԵՄ Առևտրային քաղաքականության հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ սկսել: ԽՀԱԱԳ ստեղծմամբ Հայաստանը հնարավորություն կունենա առավել բարենպաստ պայմաններով մուտք գործել մոտ 500 միլիոն սպառող ունեցող Եվրոպական միասնական շուկա: Ներկայումս Հայաստանն օգտվում է ԵՄ կողմից շնորհված Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+), որը հնարավորություն է տալիս ապրանքների արտահանում ԵՄ մաքսատուրքի նվազեցված դրույքաչափերով:








































