Աշխարհահռչակ դիրիժոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Օհան Դուրյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, կառավարական հանձնաժողովի անդամները տվայտանքների մեջ են. մտածում են թույլատրե՞լ, թե՞ ոչ Օհան Դուրյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում: Եթե բարեհաճեն թույլատրել, ապա «խոսող ձեռքերի» տիրակալը հողին կհանձնվի հունվարի 9-ին` ժամը 16-ին. Սուրբ Հովհաննես եկեղեցուց թաղման թափորը կշարժվի դեպի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ քաղաքացիները վերջին հրաժեշտը կտան մաեստրոյին: Իսկ եթե հանձնաժողովը գտնի, որ Օհան Դուրյանը տեղ չունի Հայաստանում, ապա Դուրյանի այրին ամուսնու դին կտեղափոխի Մարսել: