Reuters գործակալության փոխանցմամբ՝ իրանական երկու ռազմանավերը լքել են սիրիական Տարտուս նավահանգիստը և Սուեզի ջրանցքի միջոցով ուղևորվել հայրենիք: Այս մասին հայտնել է Սուեզի ջրանցքի վարչակազմում եղած աղբյուրը:
Իրանական ռազմանավերը Սուեզի ջրանցքով անցել էին ուրբաթ օրը և մոտեցել էին սիրիական ափերին: Իրանական ռազմանավերից մեկն էսկադրոնային ականակիր էր, իսկ մյուսը՝ օժանդակ նավ: Իրանական կողմը պնդում է, թե դրանք Սիրիայի ռազմանավերի հետ մասնակցել են համատեղ զորավարժությունների:
Հիշեցնենք, որ երեկ Լոնդոնում հրապարակվող «Աշ-Շարք ալ-Աուսաթ» արաբական թերթը գրել էր, թե սիրիական Տարտուս նավահանգիստ մտած իրանական ռազմանավերի վրա տեղադրված է հատուկ տեխնիկա, որը խլացնում է սիրիական ընդդիմության կապի աղբյուրները: Իրանական ռազմանավերը Սուեզի ջրանցքի միջոցով դեպի Միջերկրական ծով էին դուրս եկել նաև նախորդ տարի:









































