Երևանի զինվորական հոսպիտալում երեկ առավոտյան մահացած՝ Ստեփանակերտի Ցոր զորամասի զինծառայող Նարեկ Մարտիրոսյանի մայրը խնդրում է լրատվամիջոցներին գոնե հիմա ձայն բարձրացնել, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ զորամասի բուժանձնակազմն ուշացնում է հիվանդ զինծառայողների բուժումը:
Նազիկ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ հունվարի 26-ին է տղային վերջին անգամ տեսել, լիովին առողջ է եղել: Մեկ էլ հանկարծ տեղեկություններ են հասել, որ տղան թոքաբորբով է հիվանդացել, ծանր վիճակում է. «Փետրվարի 11-ից պառկած է եղել Ստեփանակերտի հոսպիտալում, դրան նախորդող երկու օրերին՝ «սանչաստում», միայն փետրվարի 16-ին են նրան ծանր վիճակում տեղափոխել Երևան: Իրենք իրավունք չունեին ուշացնելու»,- լացակումած ձայնով պատմեց Նազիկ Հարությունյանը: Մահացած 19-ամյա զինծառայողի մայրը չի դժգոհում Երևանի զինվորական հոսպիտալից, պատմում է, որ ներկա է եղել ու տեսել է՝ ամեն ինչ արել են:
Նազիկ Հարությունյանին տղայի տեղափոխման հենց առաջին օրն են բժիշկները հայտնել, որ տղայի վիճակը ծայրահեղ ծանր է, արդեն ապարատով պետք է շնչեր: Սակայն 19-ամյա զինծառայողին Ստեփանակերտից էին արդեն ծանր վիճակում տեղափոխել. «Ես չգիտեմ՝ այնտեղ դեղորայք ներարկել են, բուժումներ կատարել են, թե ոչ՝ չեմ կարող իմանալ, բայց որ ուշացրել են՝ ակնհայտ է: Եթե պատշաճ ուշադրություն դարձնեին, տղաս այդ վիճակում չէր հայտնվի: Եթե փետրվարի 10-11-ից իմ երեխան ջերմել ու պառկած է եղել այնտեղ, ինչո՞ւ են տեղափոխել է 16-ին»,- հարցնում է զինվորի մայրը:
Նազիկ Հարությունյանին ոչ-ոք չի էլ տեղեկացրել, որ տղան հիվանդ է, անգամ երբ նրան հոսպիտալ են տեղափոխել, ծնողներին չեն հայտնել. «Էլի պատահական եմ իմացել, էլի մեկը մեկով»,- ասում է Նարեկի մայրը:








































