Պակիստանի սենատն այսօր ընդունել է օրինագիծ, որով կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը համարվում է քրեական հանցանք և պատժվում բանտարկությամբ ու տուգանքով: Այս մասին հայտնել է պետական լրատվամիջոցը:
AFP-ն գրում է, որ Ընտանեկան բռնության մասին օրինագիծը ներկայացվել էր սենատոր Նիլոֆար Բախթիարի կողմից և միաձայն ընդունվել է դաշնային խորհրդարանի վերին պալատի կողմից:
Օրենքն արդեն կրկին միաձայն ընդունվել էր Ազգային խորհրդում, խորհրդարանի ստորին պալատում՝ 2009 թվականի օգոստոսին: Օրենքն ուժի մեջ կմտնի, երբ նախագահ Ասիֆ Ալի Զարդարին ստորագրի այն:
Նրանք, ում մեղավոր կճանաչեն երեխաներին և կանանց հարվածելու կամ բռնություն գործադրելու մեջ, կդատապարտվեն առնվազն 6 ամսվա ազատազրկման և կտուգանվեն 1100 դոլարի չափով:
Բացի երեխաներից և կանանցից, օրենքը նաև պաշտպանում է որդեգրված անձանց: