Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի շրջանակներում կայանալիք «Ռեալ»-ի հետ հանդիպումից առաջ կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյի խոսքերն այն մասին, որ «բանակայիններ»-ը կկարողանան հաղթել մրցակցին, եթե խաղան «ռուսական ոգով»:
«Կարելի է խոսել ոգու, հույզերի և տրամադրվածության մասին, բայց մարզչի համար կարևոր է ճիշտ մարտավարություն ընտրել թիմի համար: Մենք խաղում ենք մեզնից լավ պատրաստված ակումբի հետ, բայց եթե կատարենք մեր առջև դրված խնդիրը, կհասնենք հաղթական արդյունքի:
Բայց «Ռեալ»-ի նկատմամբ հաղթանակ տանելու համար դա բավարար չէ: Հաջողության համար անհրաժեշտ է, որ մեր հակառակորդն անհաջող ելույթ ունենա: Հուսով եմ` կկարողանանք անակնկալ մատուցել Մոուրինյոյին»,- ասել է Լեոնիդ Սլուցկին:










































