Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարել է, որ ձերբակալվել է հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ընտրական շտաբի նախկին ղեկավար Վալերի Գելբախիանիին:
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Գելբախիանին ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ հայ-վրացական սահմանը հատելիս: Նա մեղադրվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի խախտմամբ (պետական հեղաշրջման կազմակերպում) հանցագործություն կատարելու մեջ:
Ընդդիմադիր քաղաքական գործչի նկատմամբ հեռակա կարգով մեղադրանք էր ներկայացվել դեռևս 2008 թվականի հունվարի 22-ին, երբ նա արդեն լքել էր երկիրը: 2008 թվականի փետրվարի 2-ին որոշվել է Գելբախիանիին առնել կալանքի տակ, իսկ փետրվարի 4-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Գելբախիանիի Վրաստան վերադառնալու հնարավորության մասին ընդդիմադիր գործիչները սկսեցին խոսել այս տարեսկզբին, երբ հայտնի դարձավ նրա մոր ծանր հիվանդության մասին: Նախ Լեյբորիստական կուսակցությունը, ապա նաև խորհրդարանական ընդդիմադիրները դիմեցին իշխանություններին, որպեսզի թույլ տան, որ Գելբախիանին այցելի մորը:
Իր միջնորդությունն առաջարկել էր նաև Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Զազա Խաթիաշվիլին: Այդ հայտարարություններից մի քանի օր անց՝ փետրվարի 20-ին, Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարեց Գելբախիանիին ձերբակալելու և պատասխանատվության ենթարկելու մասին:
Նշվում է, որ Գելբախիանին եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, ինչից զրկվել է 2008 թվականի հունվարի վերջին նրա նկատմամբ ներկայացված մեղադրանքից հետո: Տարբեր ժամանակներում նա աշխատել է Վրաստանի ՆԳՆ-ում ու դատախազությունում, եղել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի ղեկավար Ասլան Աբաշիձեի օգնականն ու Աջարիայի Անվտանգության խորհրդի քարտուղարը:







































