Երևանի ճարտարապետ, ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով Մաշտոցի պուրակում տեղի ունեցող դեպքերի մասին, նշեց, որ ամեն փոքրիկ էպիզոդի համար չի կարելի այսպիսի մեծ աղմուկ բարձրացնել. «Կա մեծ ծրագիր Երևան քաղաքի փողոցները կարգի հրավիրելու համար: Չի կարելի գործի բուն էությունն առանց հասկանալու, լրացուցիչ արհեստական լարվածություն ստեղծել: Նրանք չեն ուզում հասկանալ այդ ամենը, քանի որ իրենց ավելի հարմար է աղմուկ բարձրացնելը: Ինքնահաստատման սխալ ճանապարհ են ընտրել»:
Իգիթյանը նշեց, որ հեղափոխական երևույթները ոչ մի պարագայում օգտակար լինել չեն կարող: Նա «խորհուրդ» տվեց Մաշտոցի այգու ակտիվիստներին ուսումնասիրել մեր պատմությունը և ավելի շատ գիրք կարդալ՝ զբաղվել օգտակար գործով:
Նրա տեղեկացմամբ՝ քաղաքապետարանն իրականացնում է «Հին Երևան» նախագիծը, իսկ այնտեղ տեղադրված «բուտիկները» ժամանակավոր են: Քաղաքապետարանը, գոտիավորման նախագծի շրջանակներում իրավունք ունի ժամանակավոր փոփոխություններ անել քաղաքի մնացած տարածքների օգտին. «Սա շատ բովանդակալից և հեռանկարային քաղաքականություն է: Սպասենք և կտեսնենք, որ այս տարածքի ճակատագիրը քաղաքապետարանը ճիշտ կլուծի: Տարածքն ավելի օգտագործելի կլինի, նախատեսվում են մեծ փոփոխություններ»:







































