Google ընկերությունը հետևել է Safari դիտարկիչ օգտագործողներին, որոնք տեղադրված են եղել iPhone հեռախոսների, iPad պլանշետային համակարգիչների և Mac համակարգիչների վրա: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը` հղում կատարելով Սթեմֆորդի համալսարանում իրականացված հետազոտությանը:
Նշվում է, որ Google-ն իր ծրագրերից մեկի` DoubleClick-ի միջոցով շրջանցել է Safari դիտարկչի անվտանգության կարգավորումները, որով թաքցվում էին օգտատերերի այցելությունների պատմությունը: Այսկերպ Google-ը կատարելագործում էր իր որոնողական համակարգը` հաշվի առնելով օգտատերերի նախասիրությունները:
Ըստ Սթեմֆորդի համալսարանի հետազոտող Ջոնաթան Մայերի` այս խարդախության արդյունքում, հնարավոր է, տուժել են միլիոնավոր մարդիկ: Նշվում է, որ նման «հանցագործության» մեջ ներքաշված են նաև երեք այլ ընկերություններ` Vibrant Media-ն, Media Innovation Group-ը և PointRoll-ը:
Google-ում հաստատել են այս տեղեկությունը` նշելով, սակայն, որ օգտատերերի անձնական տվյալներին վնաս չի հասցվել:








































