Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պահանջուն է ներում շնորհել Մինսկի մետրոյի ահաբեկչության՝ մահապատժի դատապարտված մեղավորներին: Ինչպես հաղորդում է RBK-ն, բանաձևում նշվում է, որ Վլադիսլավ Կովալյովի և Դմիտրի Կոնովալովի դատավարության ժամանակ թույլատրվել են մեծ թվով խախտումներ:
Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Բելառուսի իշխանություններին անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ազատությունից զրկված նախկին նախագահի թեկնածուներին:
Հիշեցնենք, 2011 թ. ապրիլի 11-ին Մինսկի մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զհվեց 15, վիրավորվեց ավելի քան 300 մարդ:
Կովալյովը և ահաբեկչության անմիջական կազմակերպիչ Կոնովալովը մեղավոր են ճանաչվել միանգամից մի քանի ահաբեկչությունների կազմակերպման մեջ: Բելառուսի Գերագույն դատարանը 2011 թ. նոյեմբերի 30-ին նրանց դատապարտել է մահապատժի, ընդ որում՝ դատավճիռը բողոքարկման ենթակա չէ: Երկրի օրենսդրության համաձայն՝ նրանց կարող է ներում շնորհել միայն երկրի նախագահը:
Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ մահապատիժ է իրականացվում:









































