ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
ՀՀ նախագահը շնորհավորել է Անդրեյ Սորոկինին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա կնպաստի ԵԱՀԿ-ի շրջանակներում մեր երկրի համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ գրասենյակի անձնակազմի հետ միասին կշարունակեն փոխգործակցությունը Հայաստանի հասարակական, քաղաքական կազմակերպությունների, իշխանության տարբեր կառույցների հետ՝ աջակցելով երկրում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարության զարգացմանը:








































