ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 16-ին ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ԱԺ նախագահը, ընդգծելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախկին ղեկավարության հետ համագործակցության լավ ավանդույթները, վստահություն է հայտնել, որ դրանք հետագայում ևս կխորանան ու կընդլայնվեն:
Ս. Նիկոյանը հատկապես կարևորել է օրինաստեղծ ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական ազատությունների, բնապահպանական հիմնախնդիրների շուրջ փոխգործակցությունը:
ԱԺ նախագահն անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ընտրական գործընթացներին, առկա օրենսդրական դաշտին: Նրա խոսքով` Հայաստանն ունի միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական օրենսգիրք, և այժմ առաջնահերթ խնդիրներից է առաջիկա խորհրդարանական ընտրությունները օրենքի տառին ու միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելը:
Պակաս կարևոր չէ, ըստ նրա, այդ ամենը միջազգային հանրությանը պատշաճ կերպով ներկայացնելը: Այս առումով ԱԺ նախագահը մեծապես կարևորել է ԵԱՀԿ-ի, միջազգային այլ դիտորդական առաքելությունների դերը, ակնկալելով նրանցից անաչառ գնահատականներ:
Ս. Նիկոյանը ներկայացրել է նաև նախորդ օրը ԱԺ-ում ընթացած լսումների ժամանակ իր ներկայացրած առաջարկը` ԱԺ-ի և Ազգային ժողովի նախագահի իրավասությունների շրջանակներում ստեղծել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերից կազմված մի մարմին, որը կհետևի օրենքի կիրառությանը, ընտրական գործընթացներին:
Սորոկինը նշել է, որ տպավորված է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի արդյունավետ գործունեությունից, ՀՀ պետական ատյանների, մասնավորապես Ազգային ժողովի, ինչպես նաև քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ ունեցած սերտ համագործակցությունից: Ներկայացնելով իր տպավորությունները` Սորոկինը նշել է, որ ակնառու է ՀՀ իշխանությունների կողմից ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու վճռականությունը, ինչը գնահատելի է:
Ողջունելով նաև ԱԺ նախագահի` տարբեր ուժերից կազմված ներկայացուցչական մարմին ձևավորելու առաջարկը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք պատրաստվում են իրականացնել առաջիկայում:
Նա իր և իր ղեկավարության անունից պատրաստակամություն է հայտնել ամենայնս աջակցել համատեղ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ծրագրերին:







































