«Իրատես դե ֆակտո» ակումբի այսօրվա հյուրն էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը` «Նախընտրական զարգացումներ» թեմայի շրջանակներում:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց` որքան մոտենան ընտրությունները, այնքան հետաքրքրական իրադարձություններ կլինեն:
«Առաջին լրատվական»-ի հարցին` ինչպե՞ս է նա գնահատում ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու փաստը, արդյոք այդ քայլը Ռ.Քոչարյանին քաղաքականություն վերադարձնելու նախապատրաստման քայլ չէ՞, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.
«Ես շնորհավորում եմ պարոն Օսկանյանին, որ անդամակցեց հոգեհարազատ կուսակցությանը, թե ինչքանով է կապված դա երկրորդ նախագահի հետ. նա տասը տարի ԱԳ նախարար է եղել, և ձեր հարցի պատասխանը հենց ինքն էլ կտա: Առայժմ այսքանը կարող եմ ասել»:
«Առաջին լրատվական»-ի հարցին` ՀՀԿ-ն մտավախություն չունի՞, որ այս ֆոնին Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձին ուղղված քայլ համարելով Օսկանյանի անդամագրումը ԲՀԿ-ին` ՀՀԿ-ից դեպի ԲՀԿ հոսք կլինի:
«Ո՛չ»,- կտրուկ պատասխանեց Արտակ Դավթյանը:
Դուք վստահո՞ւմ եք ձեր կոալիցիոն գործընկերոջը` ԲՀԿ-ին, հաշվի առնելով, որ վերջերս այդ կուսակցությունը անակնկալներ է մատուցում, հարցրին լրագրողները: «Մենք մեզ ենք վստահում: Իսկ այն, որ որոշակի հարցերի շուրջ կոալիցիոն ուժը ինքնուրույնություն է դրսևորում, ինչո՞ւ չէ, կարող են լինել քայլեր, որոնք համաձայնեցված չեն կոալիցիայի հետ:
Ելնելով կալիցիոն հուշագրից` չպետք է շեղվել հուշագրից, սակայն քաղաքական բազմազանություն կա, այդ դրսևորումները պետք է դիտարկել քաղաքական բազմազանության կոնտեքստում»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը` հավելելով, որ կոալիցիոն ուժերը ամուսնական հավատարմության երդում չեն տվել, և պետք է հասկանալ, որ նույնիսկ նրանք են մրցակցության մեջ:
ՀԱԿ-ը ի՞նչ ներկայություն կունենա ապագա խորհրդարանում` հարցին Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ես հարյուր տոկոսով համոզվածություն չունեմ, որ ՀԱԿ-ը ԱԺ-ում կլինի: Ես դեռ երկու տարի առաջ եմ նկատել, որ իրենց գործելաոճը ամայացնող է, հիշո՞ւմ եք, թե մեզ ինչ էին անվանում` մոնղոլ-թաթարներ, բայց ցանկանում էին համաձայնության գալ մեզ հետ: Նրանք ասում են մի բան, անում` այլ բան: Այս պարագայում մենք տեսնում ենք, որ ՀԱԿ-ի ձայները պակասում են, ուստի ես դժվարանում եմ ասել, թե որքան տեղ նրանք կարող են ունենալ ԱԺ-ում»:








































