Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս գիշեր ևս երկու ցրտահարվածներ հայտնվել են Թբիլիսիի կլինիկաներում: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի արտակարգ իրավիճակների գործակալությունը: Բժիշկների պնդմամբ՝ նրանց վիճակը միջին ծանրության է:
Բացի այդ, ևս 20 մարդ այս գիշեր քաղաքի փողոցներում սառույցի վրա ընկնելու պատճառով ստացած մարմնական տարբեր վնասվածքներով ու կոտրվածքներով հայտնվել են մայրաքաղաքի կլինիկաներում:
Նշվում է, որ ցրտից ու սառույցից տուժած այդ բոլոր անձինք անվճար բուժում են ստանում: Նրանց ծախսերն իր վրա է վերցրել Թբիլիսիի քաղաքապետարանը: Բացի այդ, Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է անօթևանների համար ստեղծել հատուկ կացարաններ, որոնք ջեռուցվում են և որտեղ նրանք ստանում են տաք ճաշ:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ այսօր Վրաստանում ջերմաստիճանը կընկնի և կտեղա ձյուն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանում ցրտահարությունից մահացել էր 2 տղամարդ, որոնցից մեկը՝ Թբիլիսիում, իսկ մյուսը՝ Վրաստանի արևմուտքում:








































