Apple ընկերությունը վերջնամշակում է iPhone սմարթֆոնների օպերացիոն համակարգը` օգտատերերին հնարավորություն տալով վերահսկել սարքի հասցեագրքին հղված կողմնակի հավելվածները: Այս մասին հաղորդում է All Things Digital կայքը՝ հղում անելով Apple-ի ներկայացուցչին:
«Մենք աշխատում ենք, որ ցանկացած հավելված, որը ցանկանում է մատչում ստանալ հասցեագրքին, ունենա օգտատիրոջ թույլտվությունը»,- հայտարարել է
Apple-ի ներկայացուցիչը:
Նա նկատել է, թե այն ծրագրերը, որոնք հավաքում կամ փոխանցում են կոնտակտային տվյալները՝ առանց օգտատիրոջը տեղեկացնելու, խախտում են ծրագրավորողների համար Apple-ի ձևակերպած ցուցումները։ iPhone արտադրողի այս նախաձեռնությունը դարձել է անցած շաբաթ ծայր առած սկանդալի պատասխանը, երբ հայտնի դարձավ, որ բջջային Path հավելվածը գաղտնի բեռնել է սմարթֆոնի հասցեագիրքը:
Ընկնելով քննադատների կրակի տակ` ընկերությունը ներողություն խնդրեց և իր սերվերից հեռացրեց այն տվյալները, որոնք ստացվել են առանց օգտատիրոջ թույլտվության, ինչպես նաև մոդիֆիկացրեց հենց հավելվածը:
Path-ի պատմությունից պարզ դարձավ, որ iPhone-ի համար շատ հավելվածներ օգտագործում են կասկածելի եղանակներ սարքերի օգտատերերի կոնտակտային տվյալները ստանալու համար:
Եվ չնայած այդ տվյալները սովորաբար օգտագործվում են «բարի նպատակներով», օրինակ` Path-ը ցուց էր տալիս, թե ովքեր են օգտատիրոջ ծանոթներից օգտվում հավելվածից, սակայն փաստը, որ այդքան հեշտ է մատչում ստանալ iPhone-ի հասցեագրքին, հարուցել է թեժ քննարկումներ:









































