Վաղը Կառավարությունում կքննարկվի ՀՀ բնապահպանության նախարարության մշակած գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից:
«Վաղը կառավարությունում կամ կհաստատվի այս կարգը կամ ոչ»,- նշեցին Բնապահպանության նախարարությունից:
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանն ասաց, որ նախկինում բնապահպանները բողոքել են նման որոշման դեմ: «Համաձայն այդ հրամանի՝ մոտ 200 գայլ պետք է նորից ոչնչացվի: Կոչ եմ անում բոլոր բնապահպանական կազմակերպություններին պաշտպան կանգնել կենդանիներին, մշակել ավելի հումանիստական մեթոդներ գայլերին մարդկանց ապրելավայրերից հեռացնելու համար: Չեխոսլովակիայում վանդակների և այլ հումանիստական մեթոդներով են գայլերին ետ պահում մարդկանց բնակավայրերից, բայց ոչ վերացման ճանապարհով»,- նշեց Ս. Ադամյանը`հավելելով, որ գայլերին սպանելով մի քանի տարի անց հանրապետությունում կվերանա այս կենդանատեսակը:
Բնապահպանը հիշեցրեց Մեծ Բրիտանիայի օրինակը, որտեղ այսօր գայլեր չկան:
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին այս կարգն օգտագործվել է: Անցյալ տարի նման եղանակով ազատվել են միայն 30 գայլերից`սա բնապահպանների պայքարի և միջամտության շնորհիվ:









































