Բահրեյնում հակակառավարական զանգվածային ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ակցիային մասնակցող ԱՄՆ 6 քաղաքացիների,- հաղորդում է Associated Press-ը: Փետրվարի 14-ին երկրում տեղի ունեցած զանգվածային ցույցերը նվիրված են եղել Մարգարտե հրապարակում շիական ելույթների առաջին տարելիցին:
Այս պահին պաշտոնական իշխանությունների ներկայացուցիչները ոչ մի մեկնաբանություն չեն տալիս կատարվածի վերաբերյալ: Ամերիկյան իրավապաշպանական կազմակերպությունների տվյալներով՝ ԱՄՆ ձերբակալված քաղաքացիները պահվում են ոստիկանական բաժանմունքներում՝ մյուս ձերբակալվածների հետ:
Բահրեյնում երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ: Չարտոնված բողոքի ակցիան ցրելու համար Մանամայի ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ:
Բահրեյնում բախումների հիմնական պատճառը շիաների և սուննիների միջև կրոնական հակամարտությունն է: Շիաները կազմում են երկրի բնակչության 75%-ը, սակայն բոլոր պատասխանատու պաշտոնները կենտրոնացած են սուննիների ձեռքում:








































