«Հրապարակ»-ը գրում է, որ Մարտի 1-ի ընդդիմության հանրահավաքի ժամանակ հավանաբար ծառայություն կիրականացնեն Վովա Գասպարյանի նոր ստեղծած ստորաբաժանման ներկայացուցիչները, որոնց մի մասը կանայք են:
Մոտ մեկ ամիս առաջ «Հրապարակը» գրել էր, որ Վովա Գասպարյանի մտահղացմամբ նոր ստորաբաժանում է ստեղծվելու ոստիկանությունում, որն իրականացնելու է արտաքին ծառայություն, մասնավորապես զանգվածային միջոցառումների ժամանակ:
«Թեև այսպիսի ստորաբաժանումներ կան, օրինակ, պարեկապահակային ծառայությունում, սակայն այն էապես տարբերվելու է ՊՊԾ-ից: Այն, այսպես ասած, էլիտար ծառայություն է լինելու, որի ներկայացուցիչները պետք է բարձր գիտելիքներով ու մի շարք հմտություններով օժտված լինեն: Տիրապետեն անգլերենին, առաջին բուժօգնություն ցուցաբերեն` ընդհուպ ծնունդ ընդունել իմանան, ինչպես նաև քաղաքացիների հետ ցիվիլ բանակցելու հմտություն ունենան»,- ապա թերթը հավելում է.
«Երեկ մենք տեղեկացանք, որ ստորաբաժանումն արդեն պատրաստ է, որտեղ ընդգրկված են 6-7 տասնյակ անդամներ: Պատրաստ է նաև նրանց համազգեստը, որն էականորեն տարբերվում է մյուս ստորաբաժանումների համազգեստներից: Ի դեպ, համազգեստի կրծքի հատվածում պատկերված է աղավնի: Այնպես որ այս գարնանն արդեն բազազները կփոխարինվեն խորհրդանշական աղավնիներով»:








































