Չբացառելով ևս մեկ կոալիցիոն հուշագրի ստորագրման հնարավորությունը՝ ՀՀԿ-ն, երևի թե, անուղղակիորեն ընդունում է, որ խախտել է 2011-ի փետրվարին ստորագրված համաձայնագրի տառն ու ոգին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքերով ՀՀԿ-ն կոալիցիոն հուշագրի տառն ու ոգին խախտել է թեկուզ իր վերջին քայլերով, երբ, մասնավորապես, Արարատի մարզում փորձ կատարեց ներսից քայքայել ԲՀԿ տարածքային կազմակերպությունը: «Հուշագրում հստակ ամրագրված էր, որ կոալիցիոն կուսակցությունները պարտավորվում են մեկը մյուսի դեմ քայլեր, գործընկերներին թուլացնելու գործողություններ չձեռնարկել: Նույն Կարեն Խաչատրյանի սադրիչ հայտարարությունը, ուր նա ասում էր, որ ինքը պաշտպանում է հանրապետության նախագահին և այդ իսկ պատճառով դուրս է գալիս ԲՀԿ-ից, բացահայտ ակնարկ էր, որ նա համարում է, որ ԲՀԿ-ն չի աջակցում Սերժ Սարգսյանին: Սա, փաստորեն, փորձ էր՝ սեպ խրել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Հարցին՝ ամեն դեպքում կոալիցիոն նոր համաձայնագիր կստորագրվի՞, քաղաքագետն ասաց. «Կարծում եմ, որ ընտրություններից առաջ նման անիմաստ և անհեթեթ քայլ չի արվի: Դա միայն խոցելի կդարձնի ընտրությունները: Ես պնդում եմ այն թեզը, որ սա իսկապես անհեթեթություն կլիներ, և տրամաբանությունից ելնելով՝ նման քայլը պետք է բացառվի: Հուշագրի ստորագրությամբ չէ, որ պետք է գործընկեր ուժերը միմյանց հետ փոխհարաբերություններում ներդաշնակություն ապահովեն: Դա պետք է արվի գործնականում»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Նշենք, որ վերջին շրջանում կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները չեն բացառում, որ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև կարող է կնքվել թվով երկրորդ կոալիցիոն հուշագիրը:








































