Այսօր Ծաղկաձորում ընթացող ՀՀԿ կանանց խորհրդի միջոցառմանը հյուրընկալվեց նաև ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հաղորդում է aravot.am-ը, Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ` մինչ հանդիպման մեկնարկը մի խումբ կին հանրապետականներ նախագահի հետ զրույցի բռնվեցին և անդրադարձան օրվա իրենց քննարկած հրատապ թեմաներից մեկին:
Մասնավորապես, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը դիմեց երկրի ղեկավարին. «Պարո´ն նախագահ, երեկ ստացանք լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության մասին տեղեկատվությունը, ինչի մասին ոստիկանությունը նաև համապատասխան մանրամասներ է հրապարակել:
Մինչ այս հանդիպումը մենք մի խումբ կին հանրապետականներով քննարկում էինք տեղի ունեցածը և որոշեցինք մեր տեսակետը հայտնել` այս պարագայում լրագրողին անազատության մեջ պահելու դեմ: Խնդրում ենք, որպեսզի համապատասխան իրավապահ կառույցները հաշվի առնեն նաև մեր կարծիքը այս հարցում, եթե հնարավոր է»:
Ի պատասխան` հանրապետության նախագահը նշեց. «Պետական մարմինները ամենօրյա որոշակի գործառույթներ են իրականացնում, այդ թվում` իրավախախտումների դեմ պայքարը և դրանք կատարած ենթադրյալ անձանց հայտնաբերումը: Այս գործունեությունն իր մեջ կարող է օբյեկտիվորեն պարունակել անձի իրավունքների սահմանափակումներ: Որպեսզի այդ սահմանափակումները չլինեն չհիմնավորված, գոյություն ունեն որոշակի վերահսկողական իրավական ընթացակարգեր, որոնց շրջանակներում մեկ մարմինը, տվյալ դեպքում` դատարանը, պետք է որոշի մյուսի` ոստիկանության գործողությունների հիմնավորվածությունը: Նման խնդիրները ցանկացած իրավական պետությունում պետք է լուծվեն հենց այս ձևաչափով:
Ինչ վերաբերում է կոնկրետ Հայկ Գևորգյանի դեպքին, ապա ես կարծիքս չեմ հրապարակի մինչ դատարանի կողմից որոշում կայացնելը, որը, հուսով եմ, հնարավորինս արագ կլինի»:







































