«Կենտրոնացված համակագը ջեռուցման կատարյալ ձևն է նախևառաջ տնտեսական առումով: Լոկալ ջեռուցումը երբեք չի կարող տնտեսապես ավելի արդյունավետ լինել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա նշեց, որ կենտրոնացված ջեռուցման համակարգը վերականգնելու համար պետք է անել հնարավոր ամեն բան` լավագույն միջոցը համարելով միջազգային հզոր կազմակերպությունների հետ համագործակցությունը: «Երևան քաղաքի երկու թաղամասերում այն փորձարկվել է: Արդյունքում պարզ են դարձել համակարգի և՛ դրական, և՛ բացասական կողմերը: Միակ վատ կողմը, որ կարող ենք նշել կենտրոնացված համակարգի դեպքում` անվճարունակությունն է»,- ասաց նա:
Ըստ Պողոսյանի՝ ժամանակին զուգընթաց անհավանական է դառնում այս համակարգի օգտագործումը, քանի որ բնակչության զգալի մասն արդեն ունի լոկալ ջեռուցում: Վերջում հավելեց, որ տարեկան 10-13 մարդ է մահանում գազի պատճառով: «Երևան քաղաքի թաղամասերից մեկում ապրում է ավելի քան 30 հազար մարդ, որոնք տաքանում են գազով»,- ասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահը:







































