Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովը կամ ինչպես ընդունված է համարել՝ հայկական Դավոսը: Այս տարի վարչապետ Տիգրան Սարգսյանը համաժողովին չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով: Համաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Եվրոպական երկրների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, սփյուռքահայ և տեղի գործարարներ:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կարևորեց այդ համաժողովի անցկացումն այն ժամանակ, երբ կառավարությունն ընդունել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությունը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանը պետք է լինի արտադրող և արտահանող երկիր: Դավթյանի խոսքով՝ այս համաժողովի ձևաչափը ընդունված է աշխարհում և արդարացված է համարվում, որ տնտեսական խնդիրների լուծման մեջ ներգրավված անձինք կարողանում են առաջին ձեռքից ստանալ տեղեկություններ, շփվել միմյանց հետ և խնդիրներ առաջ քաշել:
Դավթյանը հայտնեց, որ հրավիրել են Եվրամիության գործընկերներին, մասնավորապես Հայաստանում ԵՄ նորանշանակ դեսպանին, ով կներկայացնի վիճակը Եվրոպայում և մասնակիցները կկարողանան ընկալել, թե Եվրոպական զարգացումները ինչպես կանդրադառնան մեր երկրի վրա:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին`ասոցացնո՞ւմ եք արդյոք համաժողովը Դավոսի հետ, նախարարը նշեց, որ համաժողովը հաճախ անվանում են հայկական Դավոս, և գործընկերները հետաքրքրված են այդ հանդիպումով, որտեղ արծարծվում են կոնկրետ խնդիրներ Հայաստանի հետ կապված:
Նկատենք, որ միջազգային այս համաժողովը չի նպաստել, որ Ծաղկաձոր բերող ճանապարհներն ազատվեն սառույցի հաստ շերտից:








































