Հինգշաբթի Կահիրեի փողոցներ է դուրս եկել ավելի քան 1000 մարդ` ի նշան բողոքի փետրվարի 1-ին Պորտ Սայիդ քաղաքում ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած արյունալի բախումների, որի ժամանակ մահացել էր ավելի քան 70 մարդ: Ինչպես հայտնում է Egypt Independent-ը, ցուցարարները փակել են Նեղոսի ափամերձ տարածքը, ինչպես նաև մի շարք ճանապարհներ:
Մի քանի հարյուր մարդ հավաքվել են Կահիրեի հեռուստակենտրոնի շենքի մոտ: Հաղորդվում է, որ ցույցին մասնակցում են նաև Թահրիր հրապարակի ակտիվիստները: Ավելի վաղ մոտ 10 հազար մարդ հավաքվել էր Կահիրեի երկաթուղային կայարանի մոտ` Պորտ Սաիդից ժամանող երկրպագուներին դիմավորելու համար:
Ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել (նույնիսկ մահապատժի դատապարտել) երկրի ժամանակավոր ղեկավար, Եգիպտոսի Զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ, մարշալ Հուսեյն Տանտաուիին: Ցուցարարները ծածկել են հեռուստակենտրոնի շենքի մուտքը և կաթվածահար արել Կահիրեի կենտրոնական որոշ փողոցների երթևեկությունը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի Պորտ Սայիդ քաղաքում «Ալ-Ահլի» և «Ալ-Մասրի» ֆուտբոլային ակումբների հանդիպումից հետո ծեծկռտուք է սկսվել, որի հետևանքով զոհվել է 74, վիրավորվել մինչև 300 մարդ:
Եգիպտոսի ոստիկանությունը Պորտ Սայիդում ձերբակալել է 47 մարդու, որոնք կասկածվում են անկարգություններ հրահրելու մեջ:










































