ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Մեղրիից Բավրա տանող ճանապարհը բոլոր հատվածներում ժամանակակից պետք է դարձվի, ինչը նոր գլոբալ նախագիծ չէ, և գալիս է դեռևս 1990-1991 թվականներից:
«Այդ ճանապարհը կար: Բավրայի հատվածը կառուցվել է իմ վարչապետության օրոք, մենք մտել ենք նույնիսկ Վրաստանի տարածքում կառուցել ենք, նաև շնորհակալ պետք է լինենք Վրաստանի իշխանություններին, որ թույլատրեցին: Հիմա ընդլայնում և ավելի լավն են դարձնում»,- ասաց նախկին վարչապետը:
Հ. Բագրատյանի գնահատականով՝ Իրան գնացող երկաթուղին էլ 1991-1992 թթ. ծրագիր է, բայց դա իրատեսական չի: «Մենք արել էինք ծրագիրը, բայց թույլ չէինք տվել խոսել այդ մասին, նկատի ունենալով՝ ինչու խոսել մի բանի մասին, որ ի վիճակի չենք սկսելու: Երբ որ ի վիճակի լինենք, սկսելուց առաջ նոր կխոսենք»,- ասաց նա:
Սակայն, ըստ Հ. Բագրատյանի, խնդրահարույց է ծրագրի համար Ասիական զարգացման բանկի կողմից հատկացվելիք 500 մլն դոլարի չափով ֆինանսավորումը. «Դա խոսում է լուրջ չարաշահումների մասին, որովհետև թվերը շատ մեծ են ասում, հաշվի առնելով, որ ճանապարհը արդեն կա, նոր չեն կառուցելու: Շատ թանկ է, հանրապետության արտաքին պարտքը 15 %-ով ավելանում է: Այդ ճանապարհն արդեն կա, պետք է մոդեռնիզացնել, այնպիսի տպավորություն է, որ կարելի է 4 անգամ ավելի էժան անել»:











































