Հայկական մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել ՀՀԿ համամասնական ցուցակում երկրորդ համարը, կարծես թե կարող է հանդիսանալ Հայաստանի ներիշխանական թնջուկի բոլորովին նոր կոնֆիգուրացիայի սաղմ: Բանն այն է, որ մինչ այժմ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀԿ կապը գրեթե չի դիտարկվել ներիշխանական զարգացումների կոնտեքստում, կամ շատ հազվադեպ է դիտարկվել:
Մինչդեռ, արժե հիշել Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներից մեկի այն հատվածը, որտեղ նա նշում է, թե ՀՀԿ-ն 2007 թվականի ընտրությունից առաջ ինքն է հզորացրել, շատ պաշտոնյաների հորդորելով մտնել կուսակցություն: Իհարկե, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը արդեն հասցրել է հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանին ցուցակ ներառելու հարցը «հնարածին» է և ՀՀԿ-ն չի քննարկել այդպիսի բան, բայց ակնհայտ է, որ դա Գալուստ Սահակյանի կամ նրա ընկերախմբի քննարկելիք հարցը չէ և որոշվելու է շատ ավելի բարձր մակարդակով, և գուցե նույնիսկ միջազգային մակարդակով, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն զուտ ցուցակում ընդգրկվելուն, այլ նաև խորհրդարանի ընտրությունից հետո իշխանական համակարգում տեղավորվելուն: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը Քոչարյանին առաջարկում է հանձնել ԲՀԿ-ն, և դրա փոխարեն երկրորդ տեղ ստանալ ՀՀԿ-ում:
Դա կարող է նշանակել վարչապետության կամ ԱԺ նախագահության առաջարկ Քոչարյանին, եթե նա համաձայնի օգնել ԲՀԿ-ն հաղթահարելու հարցում: Իսկ եթե այդ հարցում Քոչարյանն օգնի Սերժ Սարգսյանին, ապա ԲՀԿ վերջնական կապիտուլյացիան ընդամենը տեխնիկայի հարց է դառնում: Ավելին, գուցե ԲՀԿ խնդիրն իրականում վերանում է ինքնին: Սակայն, չի բացառվում, որ խոսքն իհարկե ոչ թե այդքան հեռուն գնացող քաղաքական հաշվարկի, որքան մարտավարական մի քայլի մասին է, երբ հրապարակ բերելով նոր կոնֆիգուրացիայի հավանական տարբերակ, Սերժ Սարգսյանը փորձում է «ձիու քայլ» կատարել և որոշակիորեն տարամետ տրամադրություններ սերմանել ԲՀԿ և Քոչարյանի միջև: Չէ որ Գագիկ Ծառուկյանը կարող է ռեալ մտածել, որ Քոչարյանը երևի թե իրենից անկախ «սեպարատ» բանակցության մեջ է Սերժ Սարգսյանի հետ:
Այլ կերպ ասած, Սարգսյանը թերևս փորձում է բաժանարար գծեր առաջ բերել ԲՀԿ-ի և Քոչարյանի միջև, փոխադարձաբար թուլացնելով նրանց և այդպիսով դյուրացնելով իր խնդիրը այդ երկու ուժերի հետ հարաբերության ձևավորման հարցում: Դրան զուգահեռ, ակնհայտ է նաև, որ Սերժ Սարգսյանը որոշակիորեն սրում է նաև Ռոբերտ Քոչարյանի և ՀՀԿ հարաբերությունը, ստիպելով այդ երկու ուժերին առերեսվել միմյանց հետ, բնականաբար ԲՀԿ խանդի ֆոնին:
Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը Ռոբետ Քոչարյանին թերևս ստիպում է արտահայտվել հնարավորինս շուտ: Ինչպես հայտնի է, Քոչարյանի խոսնակը հավաստիացրել էր, որ մինչև մայիսի ընտրություն Ռոբերտ Քոչարյանն անպայման հայտարարություն կանի: Սերժ Սարգսյանին թերևս անհրաժեշտ է, որ Քոչարյանն իր հայտարարությունները անի, կամ գոնե սկսի անել հնարավորինս շուտ, որպեսզի ինքը կարողանա հնարավորինս զերծ մնալ դրանց հետևանքով փաստի առաջ կանգնելու վտանգից և ժամանակ ունենա եզրակացություններ անել Քոչարյանի հայտարարություններից, և նաև հակադարձել դրանց պատասխան հայտարարություններով կամ գործողություններով:







































