Փետրվարի 5-ին ավարտվում է Հայաստանի և Եվրամիության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի Հայաստանի կողմից բանակցություններին ընդառաջ կատարված աշխատանքների վերջնական գնահատման ժամկետը: Փետրվարի վերջին Բրյուսելում կայանալու է համապատասխան բարձրաստիճան կոմիտեի նիստը, որտեղ քննարկվելու է մեր երկրի` բանակցությունների մեկնարկին պատրաստ լինելու հարցը:
Մեր տարածաշրջանի երկրներից ԵՄ հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման գարծընթացներում ավելի շատ առաջ է անցել Վրաստանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը հայտնեց, որ ՀՀ-ն դեռևս օրենքի 2 նախագիծ պետք է ընդունի, բայց խնդիրն այն է, որ մաքսային ծառայությունների աշխատանքը պետք է կարգավորվի, ինչը նաև եվրոպացիներն են անընդհատ շեշտում:
«Այդ խնդիրը մեզ մոտ մինչև հիմա լուծված չի: Եթե անգամ օրենսդրորեն կարգավորեն, կարևոր է, թե դրանից հետո մաքսային համակարգն ինչպես է աշխատելու. արդյոք նա շարունակելո՞ւ է ներմուծվող ապրանքների վրա գներ սահմանել, առանձին տնտեսվարողների նկատմամբ մի ռեժիմ կիառել, մյուսի`ուրիշ: Ես չեմ կասկածում, որ օրենքների ընդունման առումով իշխանությունները իրենց պարտավորությունները կկատարեն»,- ասաց Վ. Խաչատրյանը: Ըստ նրա՝ թղթի վրա ամեն ինչ հաջողությամբ սահմանվում է՝ և՛ Ընտրական օրենսգրքի, և՛ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, բայց իրական կյանքում այլ է:
Վ. Խաչատրյանը համոզված է, որ այդ համաձայնագիրը կնքելուց հետո Հայաստանի համար այն չի գործի, որովհետև մեր երկրում մրցակցություն չկա, որն առևտրի համաձայնագրի պայմաններից մեկն է, մաքսային, հարկային ոլորտներում օրենքներն ընտրովի են աշխատում:
«Համաձայնագիրը, թեև բովանդակությամբ տնտեսական է, բայց դա քաղաքական որոշման արդյունք պետք է լինի: Պարտավորությունները քաղաքական են, որոնք հնչել կամ դեռ չեն հնչել: Դրանց կարևորագույն պայմաններից մեկը ընտրություններն են, դրանից հետո կորոշվի՝ համաձայնագիրը կգործի՞, թե՞ ոչ»,- ասաց Վ. Խաչատրյանը:








































