Ես չափազանց ցավում եմ, որ Երևանի նորանշանակ քաղաքապետը նման քայլով սկսեց իր պաշտոնավարումը: Նախ սկսեց ողջունելի քայլով` Աբովյան փողոցը մաքրվեց տաղավարներից, սակայն հետո պարզվեց` Երևանի բնակիչները, մեղմ ասած, հայտնվել են հիմարի կարգավիճակում, այլ կերպ ասած՝ երևանցիները ստացել են դեկորների կարգավիճակ: Բնակիչները փաստի առաջ են կանգնեցվել:
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը` անդրադառնալով երեկ իրենց նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը հունվարին Աբովյան փողոցի ապամոնտաժված «էլիտար կրպակները» որոշել է «տեղակայել» Մաշտոցի այգում` Մաշտոցի պողոտայի, Կողբացու, Արամի և Բուզանդի փողոցների միջնամասում:
Նրա խոսքով, քաղաքապետարանը պաշտպանում է մեր-երկու գործարարի շահերը, որոնք փորձում են իրենց բիզնեսը կյանքի կոչել բացառապես հանրային շահերի համար նախատեսված տարածքներում` ծննդատան կողքին, ու տարածքն ունի համապատասխան կարգավիճակ: «Տեսարանը մեզ վրա չափազանց ծանր տպավորություն գործեց, եթե հաշվի առնենք, որ դա նորընտիր քաղաքապետի առաջին քայլերից մեկն է: Որոշակի կասկածներ են առաջնում նրա քայլեր հետ կապված` հօգուտ Երևանի բնակիչների»,- հավելեց Ա. Ավթանդիլյանը:
Վերջինս անդրադառնալով երեկ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությանը, որտեղ մասնավորապես ասվում էր, թե «քաղաքապետարանը բանակցությունների արդյունքում Աբովյան փողոցի որոշ կառուցապատողների ևս որպես փոխհատուցում առաջարկել է տաղավարներ տեղադրել, բնականաբար՝ ոչ կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին», ասաց, որ քաղաքապետարանը խախտել է օրենսդրությունը, որը պահանջում է նմանատիպ տարածքները ոչ նպատակային օգտագործելու դեպքում կատարել հանրային քննարկումներ:
«Քաղաքապետարանի հաղորդագրությունը, որտեղ ասվում է, թե տարածքը պետք է բարեկարգվի ու կանաչապատվի, խղճուկ արդարացում է: Պարզ հարց է առաջանում` ինչո՞ւ քաղաքապետարանը մինչև հիմա չի արել դա: Այստեղից հետևում է, որ քաղաքապետարանը հանրային տարածքները միտումնավոր չի խնամում, որ օտարվեն հանրային սեփականությունից ու հանձնվեն մասնավոր անձանց»,- ասաց Ա. Ավթանդիլյանը: Ըստ նրա, իրենք իրենց նպատակին հասնելու հարցում հաստատակամ են` «այգին պետք է վերադարձվի հանրությանը» ու պետք է անցնեն այգու փրկության երկրորդ փուլին:
Ա. Ավթանդիլյանը մեզ հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ 2012 թ. նման կարևոր տարում Երևանի քաղաքապետարանը իրեն թույլ է տալիս արհամարհել նրանց, ում քվեների շնորհիվ է ընտրվել իր աշխատակազմը:
Ի դեպ, նա հաղորդեց, որ շինարարական կազմակերպությունները երեկ շինարարություն են իրականացրել առանց թույլտվության: Երեկ կանգնեցվել է շինարարությունը, ապա, ինչպես հայտնեց վերջինս, շինարարությունը շարունակվել է երեկոյան:







































