Արտակ Նազարյանի սպանության գործով Իջևանում երկու դատական նիստ է հրավիրվել և հետաձգվել: «Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրեց Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը: Ըստ նրա` երեկ Իջևանում պետք է տեղի ունենար Արտակ Նազարյանի գործով դատական նիստ, սակայն այն գործնականում տեղի չի ունեցել և հետաձգվել է, քանի որ նիստին ներկա չի եղել ամբաստանյալի պաշտպան Ալվարդ Մնացականյանը:
Ըստ Ծովինար Նազարյանի՝ տուժող կողմի բացակայությունը չի կարող խոչընդոտել դատական նիստի կայացմանը, սակայն առանց ամբաստանյալի պաշտպանի նիստը չի կարող տեղի ունենալ: «Ամբաստանյալ կողմի դեպքում խնդիրն ավելի լուրջ է դրված: Եթե ամբաստանյալներից կամ նրա պաշտպաններից մեկը չի ներկայանում, ուրեմն չեն կարող նիստը շարունակել: Դա դիտարկվում է որպես ամբաստանյալի իրավունքի խախտում»,- ասաց Ծ. Նազարյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այն օրը, երբ դատավոր Սամվել Մարդանյանը որոշում կայացրեց դատական նիստերը Երևանից Իջևան տեղափոխելու մասին, Արտակ Նազարյանի հարազատները գնացել են նախագահական նստավայր, որտեղից նրանց ուղղորդել են Արդարադատության խորհուրդ:
«Քրեական պալատի նախագահը ընդունել էր մորս, բայց առանձնապես ոչ մի լուրջ բան չէր խոստացել»,- ասաց Ծովինար Նազարյանը: Նա համոզմունք հայտնեց, որ դատավորը նիստերը Իջևան տեղափոխելու որոշումը կայացրել է զինվորական դատախազության ազդեցությամբ, և ինքը կցանկանար, որ իր ենթադրություններում սխալված լիներ:







































