Եթե Հայ ազգային կոնգրեսի անդամ 18 կուսակցությունները որոշեին խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին-առանձին, ապա նրանցից յուրաքանչյուրը զրո տոկոս ձայն կհավաքեր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե ԱԺ առաջիկա ընտրություններին ընդդիմադիր կուսակցությունների մասնակցության, որ ձևաչափն է ճիշտ՝ դաշինքով մասնակցե՞լը, թե՞ առանձին-առանձին:
«Միասնական դաշինքով մասնակցության պարագայում նրանք (ընդդիմադիր կուսակցությունները.- 1in.am) հույս ունեն, որ կհաղթահարեն խոչընդոտները: Միաժամանակ, չեմ կարծում, որ գործող շեմի հաղթահարման մասին առհասարակ արժե խոսել, որովհետև Հայաստանում ամեն բան արվում է քաղաքական որոշումների միջոցով: Հայաստանում ընտրություն չկա, որ ընտրությունների արդյունքները ժողովրդի քվեով որոշվեն: Եթե ՀԱԿ-ը ժողովրդի քվեն ստանա, բնական է, որ ինչ-որ տեղեր կունենա»,- նշեց քաղաքագետը:
Նշենք, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսում հայտարարել էր, որ ՀԱԿ անդամ կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին որոշել են մասնակցել դաշինքով:







































