Եգիպտոսի խորհրդարանի վերին պալատի՝ Խորհրդատվական խորհրդի ընտրությունների առաջին փուլը երկուշաբթի ավարտվում է, մինչդեռ երկրի բնակչությունը փաստացիորեն արհամարհում է քվեարկության գործընթացը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Եգիպտոսի մայրաքաղաքի ընտրատեղամասերի մեծ մասում ամբողջ կիրակի օրվա ընթացքում քվեարկության մասնակցել է ընդամենը մի քանի հարյուր մարդ, երկրի մյուս մարզերում իրավիճակը շատ ավելի վատ է:
Մաջլիս Ալ-Շուրայի ընտրությունների առաջին փուլը մեկնարկել է կիրակի օրը: Ընտրությունների գործընթացը վերջնական ավարտին կհասնի փետրվարի 22-ին:
Եգիպտացիների ցանկության բացակայությունը՝ մասնակցել այդ մարմնի ընտրություններին, պատճառաբանվում է այն հանգամանքով, որ այն որևէ օրենսդրական ֆունկցիա չի կատարում երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Եգիպտոսի քաղաքական ուժերի մեծ մասի կարծիքով՝ Մաջլիս Ալ-Շուրան՝ որպես իշխանության կառույց, անհրաժեշտ է վերացնել: Այս հարցում առավել կտրուկ են արտահայտվում իսլամիստական կուսակցությունները:
«Մաջլիս Ալ-Շուրան միշտ համարվել է Մուբարաքի ենթական, որը Խորհրդի ներկայացուցիչներ էր նշանակում միայն նախագահին նվիրված մարդկանց, իսկ վերին պալատի անդամները, չունենալով որևէ քաղաքական կշիռ, օգտվում են միայն պատգամավորական անձեռնմխելիությունից»,- հայտարարել է իսլամիստական «Ալ-Գամաա Ալ-Իսլամիա» կազմակերպության ներկայացուցիչներից մեկը:
Գործող օրենսդրության համաձայն՝ վերին պալատն ունի 270 անդամ, որոնց երկու երրորդը՝ 180 պատգամավոր, ընտրվում են ուղղակի, գաղտնի քվեարկությամբ, իսկ մյուս մասը՝ 90 պատգամավոր, նշանակվում են նախագահի կողմից:








































