News Gergia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն փետրվարի 3-ին Նյու Յորքում հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան:
Վերջինիս խոսքերով՝ Պան Գի Մունի հետ հանդիպման ժամանակ Վաշաձեն քննարկելու է Վրաստանում առկա հակամարտությունների կարգավորման մեջ ՄԱԿ-ի դերակատարության հարցը: Բացի այդ, քննարկվելու է Ժնևյան բանակցություններում ՄԱԿ-ի ակտիվացման հարցը:
Հիշեցնենք, որ Ժնևյան բանակցությունները մեկնարկել են 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից հետո և միտված են անվտանգության ու կայունության ապահովմանը:







































