Իրանական FarsNews լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ներկայացնող Բեքիր Բոզդաղը երեկ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում տեղի ունեցած՝ Աֆրիկյան միության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:
Հանդիպման ժամանակ Բոզդաղը հայտարարել է, որ չնայած ԵՄ-ի կողմից Իրանի հանդեպ սահմանված միակողմանի պատժամիջոցներին՝ Թուրքիան մտադիր է ընդլայնել Իրանի հետ իր բազմակողմ կապերը: Ըստ Բոզդաղի՝ Թուրքիան կողմ է Իրանի հետ կապերի հետագա ամրագրմանը:
Սալեհին նույնպես կարևորել է երկկողմանի համագործակցության հետագա զարգացումը և կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային քաղաքական իրավիճակը: Կողմերը հաստատել են տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանն իրենց հավատարիմ լինելը: