Եգիպտացին, ում հեռացրել են աշխատանքից, ինքնահրկիզման փորձ է արել Թահրիրի հրապարակում: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, 30–ամյա տղամարդը հարյուրավոր մարդկանց առաջ իր վրա բենզին է լցրել և այրել: Չնայած նրա կողքին գտնվող ցուցարարները արագորեն հանգցրել են կրակը, տղամարդը ծանր այրվածքներ է ստացել:
Итар-Тасс-ի հաղորդմամբ՝ Ահմեդ Մուստաֆա անունով տղամարդուն անգիտակից վիճակով հասցրել են հիվանդանոց:
Նույն օրն՝ ավելի վաղ մեկ այլ եգիպտացի ևս ինքնահրկիզման փորձ է արել Կահիրեի սոցիալական ապահովության նախարարության շենքի մոտ:
Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներում վերջին մեկ տարվա ընթացքում մեծ տարածում է գտել ինքնահրկիզման միջոցով բողոք արտահայտելը:








































