ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու հետ հանդիպան ժամանակ առաջարկել է միգրացիոն օրենսդրությունը խախտողներին դատարանով արտաքսել երկրից և նրանց համար 5-10 տարով փակել մուտքը Ռուսաստան:
Ավելի վաղ վարչապետն իր նախընտրական հոդվածներից մեկում առաջարկել էր քրեական պատասխանատվության ենթարկել միգրացիոն օրենսդրությունը խախտողներին: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այժմ Պուտինն ավելացրել է, որ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել նաև նրանք, ովքեր անօրինական ներգաղթյալներին աշխատանք և բնակարան են տալիս: Ռոմոդանովսկու խոսքերով, անօրինական ներգաղթի կազմակերպիչները կարող են ենթարկվել մինչև 5 տարի ազատազրկման:
Պուտինը նշել է, որ վերջերս իր ընկերները պատմել են, որ ներգաղթյալների պատճառով «որոշ խոշոր քաղաքներում մարդիկ տոներին աշխատում են տներից դուրս չգալ»:
Նշենք, որ այժմ անօրինական ներգաղթյալներին բնակարանով և աշխատանքով ապահովողներն աննշան դրամական տույժի են ենթարկվում:








































