Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի 2011 թվականի չորրորդ եռամսյակի գործունեության արդյունքները փաստել են, որ ապահովագրական ընկերությունների և նրանց մատուցած ծառայությունների դեմ դժգոհություններն առայժմ մեծ թիվ են կազմում:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի իրավաբան Վարդուհի Սեմերջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2011թ. չորրորդ եռամսյակում գրավոր պահանջի ներկայացմամբ քննության ընդունված 52 բողոքներից 21-ն ուղղված են եղել բանկերի դեմ, 29-ը՝ ապահովագրական ընկերությունների, 1-ական` վարկային կազմակերպությունների և գրավատների դեմ: Ինչ վերաբերում է ապահովագրական ընկերությունների դեմ ներկայացված բողոքներին` դրանք հիմնականում առնչվում են ավտոտրանսպորտային պատահարներից հետո կատարվող փորձագիտական եզրակացություններին, որոնք, դիմողների կարծիքով, հաճախ պատճառված վնասն ավելի քիչ են գնահատում: Բացի դրանից` հաճախորդները տարբեր բժշկական ծառայությունների համար գումար վճարելու վերաբերյալ փաստաթուղթ են ներկայացնում, իսկ ապահովագրական ընկերությունն այս կամ այն պատճառներով մերժում է բոլոր ծախսերը հատուցելու հարցում:
Բանկերի դեմ գրանցվող բողոքները հիմնականում վերաբերում են տարբեր տեսակի վարկային գործարքներին, ավանդներին վերաբերող գործարքներին, բանկային հաշիվներին և պլաստիկ քարտերին, դրամական փոխանցումներին և մարման գրաֆիկի հետ կապված խնդիրներին: «Հաճախ ավանդների տոկոսադրույքներն են ոչ ճիշտ հաշվարկվում, բանկերը հաշիվներից հավելյալ գումար են գանձում: Իսկ ԱՊՊԱ-ի գծով բողոքում են վնասի չափի սխալ գնահատումից, առողջությանը հասցված վնասի մասնակի փոխհատուցումից, այս կամ այն կողմի մեղավորության սխալ եզրակացություններից»,- նշեց Ֆինանսական հաշտարարի գրասենյակի իրավաբանը:
Նրա խոսքով, հաշտարարի գրասենյակն իր գործունեության 3 տարիների ընթացքում արդեն իսկ բավական մեծ ճանաչելիություն է ձեռք բերել և վստահություն է վայելում հաճախորդների շրջանում: 2011թ. միայն չորրորդ եռամսյակում գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր քանակությամբ 193 բողոք, որոնցից հաշտարարի քննությանը ենթակա են 125-ը:
Նշենք, որ ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից կազմակերպության դեմ, կապված են կազմակերպության մատուցած ծառայությունների հետ և պարունակում են տասը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ:
Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջն ընդունելու, քննելու և որոշում կայացնելու կապակցությամբ հաճախորդից որևէ վճար չի գանձվում:








































