Հազարավոր տեղահանված եմենցիներ այսօր վերադարձել են երկրի հարավում գտնվող անհանգիստ տարածքներ, որոնք մայիսից սկսած ղեկավարվում են «Ալ-Կաիդա»–ի հետ կապված գրոհայինների կողմից:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, եմենցիներն ասել են, որ զինյալների Ansar al-Shariah խումբն այսօր ընդունել է նրանց խմիչքներով և քաղցրավենիքներով, ինչպես նաև կովեր են մորթել` ընթրիք պատրաստելու համար: Խումբը եմենցիներին ասել է, որ ստեղծել է իսլամական էմիրություն, որը կղեկավարվի իսլամական խիստ օրենքի համաձայն:
Հիշեցնենք, որ արդեն 11 ամիս է, ինչ երկրում զանգվածային ցույցեր են կազմակերպվում` նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին իշխանությունից հեռացնելու համար, որը ենթադրաբար կլքի պաշտոնն այս ամիս:
Իսլամական զինյալները տարածքներ էին զավթել անցած տարի մայիսին՝ Աբյան շրջանում: Անվտանգության ուժերին այս ընթացքում չի հաջողվել նրանց հեռացնել այդ տարածքներից:








































