«Նախնական տվյալներով, մոտ 200 հազար դոլար գումար է անհրաժեշտ, որպեսզի եկեղեցում սկսվեն պահպանման աշխատանքները: Դա նվազագույն գումարն է, որով հնարավոր է պաշտպանել եկեղեցին, որպեսզի այն վերջնականապես չփլվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու ճակատագրին, նշեց Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին հրդեհի հետևանքով փլուզվել էր Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու հյուսիսարևելյան հատվածը:
Առնոլդ Ստեփանյանը մեզ տեղեկացրեց, որ արդեն իսկ Վրաստանի մշակույթի նախարարությունն ու Թբիլիսիի քաղաքապետարանը աշխատանքներ են իրականացնում, որպեսզի ամրացնեն եկեղեցու հիմքը: Նա տեղեկացրեց, որ այժմ վրացական իշխանությունները բանակցում են այդ խնդրով Հայաստանից մեկնած պատվիրակության հետ, և ամենայն հավանականությամբ եկեղեցու պահպանման աշխատանքները կսկսվեն արդեն փետրվարին: Ստեփանյանը նշեց, որ Վրաստանի բյուջեն կարող է 200 հազար դոլար ծախսել հայկական եկեղեցու պահանման աշխատանքներն իրականացնելու համար, սակայն նաև չբացառեց, որ Հայաստանն ու Վրաստանը կկարողանան պայմանավորվել՝ համատեղ ուժերով վերականգնման աշխատանքներ սկսելու համար:
Տեղեկացնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը հունվարի 11-ին Թբիլիսի էր գործուղել մասնագիտական հանձնախումբ` պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ, դեպքի հանգամանքները տեղում ուսումնասիրելու և Վրաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ քննարկելու իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները: ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ամենայն հավանականությամբ պատվիրակությունը այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան կվերադառնա Թբիլիսիից, ինչից հետո նախարարությունում կքննարկվի թե պատվիրակությունն ինչ եզրակացության է հանգել, և մասնագիտական ինչ նկատառումներ կներկայացնի, ինչի հիման վրա էլ կմշակվեն հետագա քայլերը:
Դուրգարյանը մեզ տեղեկացրեց, որ նախնական տվյալներով, Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունները համապատասխան մասնագետների ներկայությամբ պետք է վերականգնման նախագիծ մշակեն, որն էլ պետք է իրականացվի: Մեր հարցին, թե հայկական կողմը պատրաստվո՞ւմ է վերականգնման աշխատանքներին նաև ֆինանսական ներդրում ունենալ, Դուրգարյանը պատասխանեց. «Այդ բոլոր հարցերի պատասխանը կլինի միայն այն ժամանակ, երբ վերադառնա մեր պատվիրակությունը»:
Նշենք, որ վիրահայոց թեմի առաջնորդը Իլյա 2-րդի ուշադրությունն էր հրավիրել Սբ. Նշան և Սբ. Նորաշեն եկեղեցիների վթարային վիճակի վրա և խնդրել նրա միջամտությունը: Առնոլդ Ստեփանյանից փորձեցինք ճշտել, թե ում հանձնարարականով է Վրաստանի մշակույթի նախարարությունը սկսել եկեղեցու պահպանման աշխատանքները՝ Իլյա 2-րդի՞, թե՞ Վրաստանի կառավարության, ինչին ի պատասխան նա ասաց. «Վրաստանի մշակույթի նախարարությունը Սբ. Նշան եկեղեցու հարցերով զբաղվում է Վրաստանի նախագահի և Թբիլիսիի քաղաքապետարանի հանձնարարությամբ, քանի որ եկեղեցին պատկանում է Թբիլիսիի քաղաքապետարանին, իսկ որպես պատմական արժեք Մշակույթի նախարարությունը պատասխանատվություն է կրում եկեղեցու համար»:
Վիրահայոց թեմի առաջնորդը Իլյա 2-րդին նաև առաջարկել էր Թբիլիսիի Սբ. Նշան և Սբ. Նորաշեն եկեղեցիները վերադարձնել հայոց թեմին: Ստեփանյանը, սակայն, նկատեց, որ այդ հարցը դժվար թե մոտակա ժամանակում լուծում ստանա. «Այս պահին ես այդ հնարավորությունը չեմ տեսնում և կարծում եմ, որ այդ հարցը պետք է լուծվի Վրաստանի ուղղափառ եկեղեցու հետ, իսկ Վրաստանի եկեղեցին այսօր պատրաստ չէ վիրահայոց թեմին վերադարձնել հայկական վեց եկեղեցիներից գոնե մեկը: Կարելի է ասել, որ բացառում եմ այդ հնարավորությունը, քանզի սա նաև քաղաքական հարց է և կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով, որոնք այս պահին չեն ընթանում»:









































