ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ երեկ պաշտոնական այցով Էկվադոր է ժամանել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Դա նրա լատինամերիկյան շրջագայության վերջին կայանն է, որի շրջանակներում Ահմադինեժադն այցելել է Վենեսուելա, Նիկարագուա, Կուբա և, վերջապես, Էկվադոր։
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեայի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ահմադինեժադը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է հարգի մյուս ժողովուրդների իրավունքները՝ ընդգծելով, որ Լատինական Ամերիկան այլևս երբեք չի լինի ԱՄՆ-ի հետնաբակի դերում։
Էկվադորի նախագահն իր հերթին վստահություն է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ. «Մենք հավատում ենք Իրանի կառավարությանը։ Թեհրանը կարող է հույսը դնել մեր լիակատար աջակցության վրա»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը Ահմադինեժադի լատինամերիկյան շրջագայությունը որակել էր որպես «հուսահատության ժեստ»՝ ընդգծելով, որ Իրանն իր մեկուսացման ուժեղացման ֆոնին նոր դաշնակիցների փնտրտուքի մեջ է։









































