Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Աքսել Ֆիշերը հունվարի 16-17-ը փաստահավաք այցելություն կկատարեն Երևան։
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների և արդարադատության համակարգի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Քննարկումների ժամանակ ուշադրության կենտրոնում կլինի անցած տարի ԵԽԽՎ-ի ընդունած թիվ 1837 բանաձևի պահանջների կատարման ընթացքը:
Դրանք վերաբերում են, մասնավորապես, 2008թ. մարտմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձանց մահվան հանգամանքների քննությանը, ոստիկանության դեմ բողոքների անկախ մեխանիզմի ստեղծմանը եւ ոստիկանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը և դիտարկման ընթացակարգի առաջնահերթ ոլորտները։







































